Երկկենցաղների դաս — Կենսաբանություն 7

Երկկենցաղները ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Ողնաշարավորների ենթատիպում երկկենցաղները ամենա-սակավաթիվ օրգանիզմներն են։ Երկկենցաղները ունեն մոտ 4,7 հազար տեսակ: Այս դասը ունի 3 հիմնական կարգ՝

Անպոչ երկկենցաղներ՝ դոդոշներ, գորտեր, ծառագորտեր:

Պոչավոր երկկենցաղներ՝ տրիտոններ, սալամանդրաներ:

Անվերջույթ երկկենցաղներ՝ որդուկներ:

Երկկենցաղները մանր գիշատիչներ են, որոնք ոչնչացնում են բույսերի վնասատու միջատներին: Երկկենցաղների մեծ մասը որս անելով գիշերը կամ մթնշաղին՝ ոչնչացնում է ցերեկային թռչունների համար անմատչելի վնասատուներին: Մեկ դոդոշն օրական ուտում է 25-30 միջատ, իսկ 1 հեկտար տարածքի վրա դոդոշներն ոչնչացնում են տարեկան մոտ 100 հազար վնասատու միջատների:

Երկկենցաղները տարածված են բոլոր աշխարհամասերում՝ բացի Անտարկտիդայից: Նրանք ապրում են լճերի, գետերի ափերին, ստվերոտ ու խոնավ անտառներում, ճահճոտ վայրերում: Երկկենցաղները ակտիվ են ջրում օրվա բոլոր ժամերին, ցամաքում օրվա մեծ մասն անցկացնում են արևի ուղղակի ճառագայթումից պատսպարվելով:

Ցամաքում տեղաշարժվելու, Երկրի ձգողությունը հաղթահարելու և հավասարակշռությունը պահպանելու համար երկկենցաղները ձեռք են բերել զարգացած վերջույթներ, որոնք վերջանում են շարժուն մատներով: Եվ կարողանում են շնչել մթնոլորտային օդը թոքերով և մաշկով:

Երկկենցաղների մաշկը մերկ է, զուրկ է թեփուկներից: Սակայն դրա փոխարեն այն հարուստ է լորձ արտադրող գեղձերով: Որոշ երկկենցաղների լորձը խիստ թունավոր է, որի համար նրանք որս չեն դառնում այլ գիշատիչների համար: Հարավային Ամերիկայի փոքրիկ ծառագորտի լորձը բավական է 1500 մարդ սպանելու համար:

Այն օգտագործում էին ացտեկներն ու մայաները՝ թունավոր նետեր պատրաստելու համար:

Երկկենցաղները բազմանում են ձվադրելով։ Իսկ ձվադրում են նրանք ջրում: Ջրում է անցնում նաև նրանց կյանքի սկզբնական շրջանը: Միայն կերպարանափոխվելուց և հասուն ձևի վերածվելուց հետո նրանք կարող են ապրել ցամաքում: Դրանով էլ պայմանավորված է դասի անվանումը:

Մոտավորապես 300 մլն տարի առաջ երկրագնդի կլիման շոգ էր, հետևաբար ջրամբարները ցամաքում էին և աղքատանում թթվածնով: Այդ պայմաններում հնագույն վրձնալողակ ձկները, դուրս գալով ցամաք, հավանաբար սկիզբ տվեցին հնադարյան առաջին երկկենցաղներին՝ ստեգոցեֆալներին։

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.